

Introduction
Մեդեա Վարդանի Աբրահամյան (մարտի 8, 1932, Երևան), հայ մեծանուն թավջութակահարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1980)։ Հայֆիլհարմոնիայի մենակատարուհի (1956 թվականից)։
Կենսագրություն
Ծնվել է 1932 թվականի մարտի 8-ին, Երևանում: Սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 1956 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան՝ ուսանելով աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի մոտ։ 1955 թվականին Պրահայի Հանուշ Վիհանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի ժամանակ արժանացել է դափնեկրի կոչման:
Հայ առաջին թավջութակահարն է, ով պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր: Աշխարհի մի շարք պարբերականներ նրան անվանել են «թավջութակի թագուհի»: Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։ Որպես երաժշտական փառատոների ժյուրիի անդամ և նախագահ՝ հանդես է եկել տարբեր երկրներում:
1957 թվականից դասավանդում է Չայկովսկու անվան երաժշտական 10-ամյա դպրոցում, 1960 թվականից՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1981 թվականից՝ պրոֆեսոր)։ Նրա դպրոցն այսօր լայն ճանաչում ունի ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Նրա հայ, ռուս, չինացի, իրանցի և տարբեր այլ ազգությունների ուսանողներն այսօր փայլում են ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Բուլղարիայի և այլ երկրների բեմերում:
Թավջութակային գրականության բազում ստեղծագործություններ, որոնց գերակշիռ մասի առաջին կատարողն է եղել, գրվել են Մեդեա Աբրահամյանի կատարողական արվեստի շնորհիվ: Նրան նվիրված ստեղծագործություններ են հորինել հայ և օտարազգի մի քանի տասնյակ կոմպոզիտորներ: Նրա լեգենդար անունն այսօր դարձել է կատարողական դասական արվեստի խորհրդանիշ:
Պարգևներ
- ՀԽՍՀ պետական մրցանակ, 1973
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1980
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1981
- Հայ արվեստի ասպետ, 2007
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2012
- Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացի
- ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալ, 2016
Մեջբերումներ Մեդեա Աբրահամյանից
| Իմ երջանկությունը ես որոնել եմ երաժշտության հետ անմիջական շփմամբ: Այն ինձ համար եղել է ինքնարտահայտման միակ միջոցը, ունկնդրին իմ ձայնը հասցնելու միակ հնարավորությունը:
- Մեդեա Աբրահամյան
|
Մեջբերումներ Մեդեա Աբրահամյանի մասին
| Այլևս անկարելի է պատկերացնել Մեդեա Աբրահամյանին առանց թավջութակի և, թվում է, թե նրանք միշտ միասին են:
- Երաժշտագետ Մարինա Բերկո
|
| Մեդեայի արվեստը վաղուց ի վեր առաջ է անցել գերադրական աստիճանի որակումներից և ձեռք բերել հայկական կոնյակին բնորոշ հատկանիշները:
- Երաժշտագետ Մարգարիտա Ռուխկյան
|
Գրականություն
- Աննա Բարսամյան, Արաքսի Սարյան ― Մեդեա Աբրահամյան, Երևան, 2000
- Մեդեա Աբրահամյան ― Կատարողի մտորումներ, Երևան, 2014
- Ռոզա Եղիազարյան ― Մեներգ թավջութակի համար (Մեդեա Աբրահամյանի հուշերը), Երևան, 2016