

Grigor Coilav
Introduction
Գրիգոր Կոյլավ (1850, Բոտոշանի, Ռումինիա - 1920, Բոտոշանի, Ռումինիա), հայազգի ռումինական հասարակական-քաղաքական գործիչ, հայագետ, իրավաբան, արվեստագետ, Կոյլավ ազնվական տոհմից։
Նախնական կրթությունն ստացել է Բոտոշանի հայոց արական դպրոցում, 1860-1868 թվականներին՝ Չեռնովցիում (այժմ՝ Ուկրաինայում)։ 1869-1872 թվականներին իրավաբանություն, փիլիսոփայություն, բնական գիտություններ ու նկարչություն է ուսանել Ստրասբուրգի, Վիեննայի, Մյունխենի համալսարաններում և Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում։
1880-1886 թվականներին եղել է Բոտոշանի հայոց իգական դպրոցի տնօրեն, ապա՝ քաղաքային խորհրդի անդամ, փոխքաղաքապետ (1888, 1892 և 1900 թթ.), գավառային խորհրդական և Սուչավայի (այժմ՝ Ռումինիայում) ընդհանուր խորհրդի փոխնախագահ (1894-1895 թթ.)։
Մի քանի անգամ ընտրվել է Ռումինիայի սենատոր, եղել Միջխորհրդարանական խաղաղության կոնֆերանսի անդամ, Բոտոշանի «Արմենիա» երաժշտական ընկերության փոխնախագահ, Բուխարեստի աշխարհագրական, պատմական ընկերությունների անդամ, «Բոտոշանի կուրիեր» թերթի հիմնադիրներից և Բուխարեստի «Էպոկա» թերթի խմբագիր։
1906 թվականին մասնակցել է Բուխարեստում հայ արվեստի ու մշակույթի ցուցահանդեսի կազմակերպմանը և արժանացել շքանշանի։ Ռումինական մամուլում հրատարակել է հոդվածներ հայ կարիճվորաց եղբայրությունների, հայ, ռումին և մոլդավ ժողովուրդների հարաբերությունների, ազգագրության, երաժշտության վերաբերյալ, կատարել թարգմանություններ։
Աշխատություններ
Ուսումնասիրել է Մոլդովայի և Ռումինիայի հայոց եկեղեցիների արձանագրությունները, հայ ձեռագրերը, դիվանական նյութերը և հրատարակել (ռումիներեն) հայագիտական աշխատություններ՝
- «Հայերը իբրև քաղաքների հիմնադիրներ Արևելյան Եվրոպայում», 1909 թվական,
- «Ռումինական երկրների հայերի ավանդությունները, սովորույթները և հավատալիքները», 1911 թվական,
- «Ռումինական երկրների հայկական եկեղեցիները», 1912 թվական