

Introduction
Վարդուհի Հրաչիկի Ռուշանյան (1955, մարտի 19, Երևան), հայ դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ (2013)։
Կենսագրություն
Վարդուհի Ռուշանյանը ծնվել է 1955 թվականին, Երևանում։ 1972 թվականին ավարտել է Երևանի Մաքսիմ Գորկու անվան միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ։ Ուսմանը զուգահեռ սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիայում։ 1975 թվականին ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժին՝ Հենրիկ Մալյանի արվեստանոց։ 1979-1981 թթ. խաղացել է Երևանի Երիտասարդական փորձարարական թատրոնում, 1980 թվականից՝ «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի թատրոնի դերասանուհի։ Հանդիսանում է թատրոնի հիմնադիրներից մեկը։ 1980-1990 թթ. եղել է թատրոնի խաղացանկի բոլոր ներկայացումներում, մասնակցել է բազմաթիվ թատերական փառատոների և հյուրախաղերի Հայաստանում և արտերկրում։
Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի մի շարք ֆիլմերում, խաղացել է հեռուստաթատրոնի բազմաթիվ ներկայացումներում և ռադիոբեմադրություններում։ 2005 թ. նկարահանվել է ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Կետիկյանի «Ճանապարհորդություն Հայաստանով» ֆիլմում։ Վարել է «Առավոտը Շանթում» հաղորդման խոհանոցի հատվածը։
Հեռուստասերիալներ
2005 թվականից նկարահանվել է «Շանթ» հեռուստաընկերության մի շարք հեռուստասերիալներում՝
- «Վերվարածները հիվանդանոցում»
- «Վերվարածները ընտանիքում»
- «Որոգայթ»
- «Հաջողակը»
- «Լիալուսին»